Եթե դոմենը կայքի թվային անունն ու հասցեն է, որով մարդիկ կարող են գտնել և այցելել տարբեր վեբ-կայքեր, ապա հոսթինգն այն վիրտուալ տարածքն է, որտեղ տեղադրվում ու պահպանվում են կայքի բոլոր ֆայլերը:
Հոսթինգի հիմնական գործառույթը տվյալների անխափան հասանելիության ապահովումն է ինտերնետի բոլոր այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են դիտել կամ խմբագրել առկա ֆայլերը:
Այս գործընթացը և տվյալների կառավարումը հաճախ իրականացվում են FTP (File Transfer Protocol) հատուկ ծրագրերի միջոցով:
Այս ծառայությունը որակյալ մատուցելու համար վեբ-հոսթինգ պրովայդերները կիրառում են 24/7 ռեժիմով անխափան աշխատող հատուկ համակարգիչներ՝ սերվերներ:
Դրանք ապահովված են հարյուրավոր Մբ/վրկ արագությամբ գերարագ ինտերնետ կապով, HTTP սերվերներով, համապատասխան ծրագրակազմով, ինչպես նաև տվյալների բազաներով և
էլեկտրոնային փոստի սերվերներով, որոնք միասին ապահովում են կայքի լիարժեք կենսագործունեությունը:
Հոսթինգի ծառայությունները հիմնականում հիմնված են երկու տեսակի հարթակների վրա՝ Windows-hosting և Unix-hosting: Սրանք այն միջավայրերն են, որոնցում աշխատում է կայքը,
իսկ դրանց միջև առկա հիմնական տարբերությունը կիրառվող ծրագրային ապահովումն է, որն ընտրվում է՝ ելնելով կայքի տեխնիկական պահանջներից:
