FTP սերվերի սահմանում
FTP (File Transfer Protocol)-ը ցանցային արձանագրություն է, որն օգտագործվում է համակարգչի և հեռավոր սերվերի միջև ֆայլեր փոխանցելու համար։
FTP սերվերը սերվերային ծրագիր է, որը թույլ է տալիս օգտատերերին միանալ սերվերին և կատարել տարբեր գործողություններ ֆայլերի հետ, օրինակ՝
-
վերբեռնել ֆայլեր սերվեր,
-
ներբեռնել ֆայլեր սերվերից,
-
ստեղծել և ջնջել թղթապանակներ,
-
վերանվանել և կառավարել ֆայլերը։
FTP-ն հաճախ օգտագործվում է կայքի ֆայլերը հոսթինգի սերվեր վերբեռնելու կամ սերվերից համակարգիչ ներբեռնելու համար։
Ինչպե՞ս է աշխատում FTP-ն
FTP-ն օգտագործում է երկու առանձին կապ՝
-
Կառավարման կապ (Control Connection) — օգտագործվում է սերվերի հետ կապ հաստատելու, օգտատիրոջ նույնականացման և հրամանների փոխանցման համար։
-
Տվյալների կապ (Data Connection) — օգտագործվում է ֆայլերի և թղթապանակների տվյալների փոխանցման համար։
FTP սերվերին միանալու համար սովորաբար անհրաժեշտ են՝
-
FTP Host / Server — սերվերի հասցեն,
-
Username — FTP օգտանունը,
-
Password — FTP գաղտնաբառը,
-
Port — FTP կապի պորտը։(Օրինակ ստանդարտ՝ 21)
Օրինակ՝ FTP ծրագրի միջոցով կարող եք միանալ ձեր հոսթինգի սերվերին և համակարգչից ֆայլերը վերբեռնել կայքի համապատասխան թղթապանակ։
Կարևոր է
Սովորական FTP արձանագրությունը տվյալները չի գաղտնագրում, այդ պատճառով գաղտնաբառերն ու փոխանցվող տվյալները կարող են փոխանցվել բաց տեսքով։
Ավելի անվտանգ տարբերակներ են՝ SFTP (SSH File Transfer Protocol) և FTPS (FTP over TLS), որոնք ապահովում են տվյալների գաղտնագրում։
Ինչպե՞ս միանալ FTP սերվերին
FTP սերվերին կարելի է միանալ հատուկ FTP ծրագրերի միջոցով, օրինակ՝ FileZilla-ի։
Հոսթինգի կառավարման վահանակում սովորաբար կարող եք ստեղծել FTP հաշիվ և ստանալ անհրաժեշտ տվյալները՝ սերվերի հասցեն, օգտանունը և գաղտնաբառը։
